«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իսկ Հայկական բարձրավանդակը խմելու ջրի համաշխարհային ամենախոշոր պահեստարաններից մեկն է

Իսկ Հայկական բարձրավանդակը խմելու ջրի համաշխարհային ամենախոշոր պահեստարաններից մեկն է
08.08.2008 | 00:00

«ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՄԱՔՈՔԱՅԻՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ԱՆՑՆՈՒՄ»
Այսօր Պեկինում օլիմպիական խաղերի բացումն է։ Իրադարձություն, որ ամենակարևորն է ոչ միայն սպորտային կամ մշակութային, այլև քաղաքական առումով։ Այդ իրադարձությանը ներկա են լինելու 85 երկրի նախագահ, 10 վարչապետ և 10 թագավոր։ ԱՊՀ երկրների առաջնորդների հետ միասին Պեկին է հրավիրվել նաև Հայաստանի նախագահը։ Ռուսաստանը ներկայացված կլինի վարչապետ Վլադիմիր Պուտինով, որը հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ։
Չինացիների համար օլիմպիական խաղերը և աշխարհի վերաբերմունքը դրանց նկատմամբ, իրենց երկրի հանդեպ հարգանքի ցուցանիշ են։ Հայտնի ճշմարտություն է, որ «նախագահը կայսր չէ և ոչ միայն գլխավոր հրամանատար է, այլև բարձրագույն դիվանագետ»։ Թերևս այս իրողությամբ են առաջնորդվել Պեկինի խաղերն իրենց ներկայությամբ պատվող նախագահները։ Պետությունների ղեկավարների բավականին մեծ ցանկը վկայում է այն մասին, որ Չինաստանի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու ցանկություն այսօր առկա է բոլոր մայրցամաքներում։ Դա է հաստատում նաև առավել հայտնի քաղաքական փորձագետների կարծիքն այն մասին, որ չկայացած միաբևեռ աշխարհակարգն այլևս վերափոխվել է բազմաբևեռ աշխարհի։ Ինչպես նշում է հայտնի ամերիկյան փորձագետ Պերագ Հաննան՝ «Այսօր ԱՄՆ-ը չի կառավարում մոլորակը։ Մենք մրցակցում ենք աշխարհաքաղաքական շուկայում երկու այլ գերտերությունների՝ Եվրամիության և Չինաստանի հետ։ 21-րդ դարում աշխարհաքաղաքական գործընթացները զարգանալու են հենց Մեծ եռյակի շուրջ։ Այդ շարքում չկա Ռուսաստանը, որ թեկուզ ահռելի, բայց գնալով ավելի դատարկ տարածության է վերածվում՝ «Գազպրոմի» կառավարման ներքո։ Չկա նաև ներքին պառակտումներով քայքայված իսլամական աշխարհը, Չինաստանից տասնամյակներով հետ մնացած Հնդկաստանը։ Մեծ եռյակը խաղալու է այն կանոններով, որոնք մշակելու է ինքը, բայց նրա անդամներից ոչ մեկն առանձին չի կարող հավակնել առաջնային դերակատարության»։
Սա լուրջ խոստովանություն է ամերիկյան քաղաքական համակարգին ամենաքաջածանոթ անձանցից մեկի կողմից։ Ինչը նշանակում է, որ մենք պետք է աշխատենք շատ լավ հասկանալ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Չինաստանի հայացքների միջև առկա տարբերությունները, որովհետև այս եռյակի հետ հարաբերությունների կառուցմամբ ենք կարողանալու ճշտել մեր տեղն աշխարհում։ Միաժամանակ նկատի ունենանք, որ հայաստանյան քաղաքական գործիչների, առավել ևս քաղաքացիների համար Չինաստանը շարունակում է մնալ «յոթը քողով ծածկված գաղտնիք» Մեծ պարսպի այն կողմում։ Հայ-չինական փոխհարաբերությունները «մաքոքային» դիվանագիտությունից այն կողմ չեն անցել առայսօր։ Բայց միաժամանակ ուշադրության է արժանի այն փաստը, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն առաջին երկիրն էր, որ պաշտոնապես բացեց իր դեսպանատունը Երևանում։ Իսկ նման բաները քաղաքականության մեջ պատահական չեն։
Նկատի ունենանք, որ Չինաստանի հզորացումն ընդօրինակվում է ամբողջ աշխարհի կողմից, որովհետև այդ երկրում ակնհայտ է ինչպես տնտեսական աճը, այնպես էլ բնակչության բարեկեցության բարձրացումը։ Չինաստանի շուրջ, փաստորեն, ձևավորվել է Մեծ չինական համատեղ բարեկեցության յուրօրինակ գոտի։ Դրա արդյունքում առևտրաշրջանառությունը Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա եռանկյունում՝ Չինաստանի հովանավորությամբ արդեն գերազանցում է ամբողջ Ամերիկայի և խաղաղօվկիանոսյան պետությունների միջև առևտրաշրջանառությանը։ Չինաստանը դարձել է նաև ամենածանրակշիռ խաղացողներից մեկը նախկին խորհրդային տարածքում, և այսօր նրա ազդեցության դաշտ են ներքաշվում ոչ միայն Ղրղզստանն ու Տաջիկստանը, այլև նավթով հարուստ Ղազախստանը։ Դրան նպաստում է հիմնականում Ռուսաստանի ջանքերով ձևավորված Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), որը, սակայն, այսօր առավելապես նպաստում է չինական շահերի արմատավորմանը Կենտրոնական Ասիայում։ Առևտրական կապերը, նավթամուղերի անցկացումն ու համատեղ զորավարժությունները ՇՀԿ շրջանակներում այս կառույցը դարձրել են տարածաշրջանի առանցքը։ Արևելաասիական համագործակցությունը ևս բազմաթիվ օրինակներից մեկն է այն իրողության, թե ինչպես է Չինաստանը վերականգնում իր ազդեցությունն աշխարհում, նույնիսկ ամերիկյան մայրցամաքում իրականացնելով խոշորածավալ ծրագրեր, ներդրումներ կատարելով Կանադայից մինչև Վենեսուելա։
Հյուսիսաֆրիկյան երկրներից Պեկինը ոչ միայն էներգակիրներ է գնում, այլև մասնակցում է այս երկրներում տնտեսական ներդրումներին։ Իրանն իր հերթին հնարավորինս ծառայություններ է մատուցում չինացիներին, միաժամանակ նրանց համար դառնալով վերջին ցամաքային դարպասը, որի միջոցով Պեկինը մուտք է գործում Պարսից ծոց։ Պեկինի և Թեհրանի միջև արդեն ստորագրված են բազմամիլիարդ պայմանագրեր բնական գազի արտահանման ոլորտում Իրանի Հյուսիսային Պարս հանքավայրից։ Կասպից ծովում համատեղ ուժերով նավթարդյունահանման ենթակառուցվածքներ են ստեղծվում, չինացիների մասնակցությամբ նույնիսկ ընդլայնվում է Թեհրանի մետրոն։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը շարունակաբար աճում է և արդեն մոտենում 40-50 մլրդ դոլարի սահմանագծին։ Ամերիկյան Կարնեգիի կենտրոնի փորձագետները համարում են, որ Սպիտակ տան հաջորդ վարչակազմը ջանքեր է ներդնելու Իրանը Մեծ ութնյակի կազմ ընդգրկելու ուղղությամբ, որովհետև Վաշինգտոնում հուսով են, թե Պեկինի և Դելիի հետ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի նրանց հանձնել արևելաասիական մի շարք կարևոր խնդիրների լուծումը։
Ակնհայտ է, որ Չինաստանի տնտեսությունն առաջիկայում շարունակելու է աճել նույն տեմպերով։ Սա ինքնին ենթադրում է, որ ամերիկյան փորձագետների նշած Մեծ եռյակի վերջնական ձևավորումն այնքան էլ հեռու չէ, և աշխարհում երեք կենտրոններ են գերիշխելու 21-րդ դարում՝ ԱՄՆ-ը և Եվրասիա մայրցամաքի արևմուտքում ու արևելքում գտնվող Եվրամիությունն ու Չինաստանը։ Սակայն չինական տնտեսական հրաշքն առաջիկայում ունենալու է իր բացասական հետևանքները։ Շարունակվող տնտեսական աճը հանգեցնելու է նրան, որ Չինաստանը սկսելու է օգտագործել աննախադեպ ծավալների էներգակիրներ և այլ հումք, որը չինական ընկերություններն այսօր արդեն փնտրում են ամբողջ աշխարհում։ Մասնավորապես ոչ անհայտ գրող և վերլուծաբան Ջոն Գրեյն այս կապակցությամբ բերել է հետևյալ օրինակը. «Չինաստանը չափազանց շատ ջուր է օգտագործում արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ։ Այնքան, որ այն այլևս վերածվում է չվերականգնվող ռեսուրսի։ Ջրի պակասություն է զգում չինական քաղաքների երկու երրորդը, որոնց շուրջ շարունակվում է հողն անապատացումից փրկելու գործընթացը։ Կատաղի ինդուստրացումը միայն ավելի է ահագնացնում բնապահպանական աղետը. կառուցվում են հսկայական քանակությամբ նոր էլեկտրակայաններ, որոնք աշխատում են սև ածուխով՝ դրանով իսկ արագացնելով գլոբալ ջերմացումը։ Դա իսկական արատավոր շրջան է, որը նկատելի է ոչ միայն Չինաստանում»։
Հաշվի առնենք, որ գործնականում քաղաքական և տնտեսական բոլոր վերլուծաբանների կարծիքով՝ 21-րդ դարում պատերազմները կարող են ծավալվել ոչ այնքան նավթի, որքան խմելու ջրի պաշարների վերահսկման համար։ Իսկ Հայկական բարձրավանդակը խմելու ջրի համաշխարհային ամենախոշոր պահեստարաններից մեկն է, այստեղից են սկիզբ առնում տարածաշրջանի գրեթե բոլոր խոշոր գետերը։ ՈՒստի ոչ միայն Հայաստանի աշխարհագրական դիրքը, այլև խմելու ջրի կարևոր պահեստարան լինելու հանգամանքն են առաջիկայում կարևորելու Հայաստանի նշանակությունը միջազգային քաղաքականության մեջ։ Այդ իմաստով ինչ-որ տեղ հասկանալի է, թե ինչու հեռատես չինացիներն անկախության հռչակումից անմիջապես հետո հետաքրքրվեցին Հայաստանով և փորձեցին խորացնել շփումները Երևանի հետ։ Սակայն նախկին վարչակազմերը, գուցեև իրենց հիմնական «համակարգողների» նկատմամբ ունեցած վախից, չհամարձակվեցին խորացնել այդ հարաբերությունները։ Թերևս Հայաստանի նախագահի այս այցը դառնա հայ-չինական հարաբերությունների նոր սկիզբ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6089

Մեկնաբանություններ